ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսում և մերձակա գյուղերում 131 զինյալներ վայր են դրել զենքը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հոմսի նահանգապետ Թալալ Բարազին հաստատել է, որ նրանց կենսակերպը կկարգավորվի՝ ավելացնելով, որ Սիրիան պատրաստ է հետ ընդունել իր բոլոր զավակներին, ովքեր կգործեն հանուն երկրի բարօրության: Նախկին զինյալները պարտավորվել են չձեռնարկել քայլեր, որոնք ուղղված կլինեն հայրենիքի անվտանգության դեմ:
Ավելի վաղ 272 զինյալներ Դամասկոսից և մերձակա գյուղերից, ինչպես նաև Հալեպից, Հոմսից, Իդլիբից հանձնվել են իշխանություններին:
Դամասկոսի բնակելի Օմարա թաղամասում նոյեմբերի 18-ին պայթյունի հետևանքով 3 խաղաղ բնակիչներ են վիրավորվել: Պայթուցիկ սարքավորումը տեղադրվել է բնակելի շենքի մոտակայքում:
Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:
Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում է ավելի քան 80 երկրի ավելի քան 100 հազար զինյալ: