ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքի` «Իսլամական պետության» դիրքերը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միևնույն ժամանակ բեշմերգի կոչվող քրդական ուժերը հրթիռակոծել են Մաշթա ան Նուրը, ինչպես նաև դրա արդյունաբերական շրջանը: Քրդական ուժերը նաև ռմաբործում են քաղաքի արևմտյան շրջանում գտնվող ԻՊ-ի դիրքերը: ԻՊ-ն նահանջել է Քոբանիի արևմտյան հատվածում գտնվող գյուղերից:
Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Սիրիայի քրդերը բեշմերգի հետ միասին ազատագրել են Քինյա Քուրդայի շրջանները:
Նոյեմբերի 4-ին 15 ահաբեկիչներ են սպանվել, քրդական ուժերը կորցրել են 4 անդամներ:
Քոբանի քրդաբնակ քաղաքն ավելի քան 40 օր է` հայտնվել է ԻՊ-ի թիրախում: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է հսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Շարունակվող բախումների զոհ է դարձել ավելի քան 800 մարդ, որոնցից 481-ն ԻՊ-ի անդամներ են, 302-ը՝ քրդական ուժերի ներակայուցիչներ, իսկ 21-ը՝ խաղաղ քաղաքացիներ: Նշված վիճակագրական տվյալների մեջ չեն ներառվել օդային հարվածների հետևանքով զոհերը: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել Թուրքիա: