Հասարակական

Հակառակորդը լարված է պահում սահմանը` թիրախավորելով նաև քաղաքացիական անձանց

3 րոպեի ընթերցում

Հակառակորդը լարված է պահում սահմանը` թիրախավորելով նաև քաղաքացիական անձանց

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշ մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում իրավիճակը հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին գյուղապետերը: Նրանց բնորոշմամբ` հակառակորդը վերջին օրերին ակտիվություն է ցուցաբերում` կարճ կրակ բացելով գյուղերի ու հայ դիրքապահների ուղղությամբ, որին, սակայն, հայ դիրքապահները դեռևս չեն պատասխանում:

«Ներկա պահին հանգիստ է իրավիճակը, կրակել են երեկ չէ անցած օրը և դրանից մեկ օր առաջ: Նյութական վնասները չնչին են»,-ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հավաստմամբ ևս` խաղաղ է իրավիճակը սահմանապահ գյուղում: «Կրակել են ամսի 13-ին ու 14-ին, որոնք եղել են գյուղի ուղղությամբ: Հոկտեմբերի 14-ին անասնապահի ուղղությամբ է եղել կրակը գյուղի ծայրամասում, նա մտել է մի տուն, որից հետո սկսել են այդ տան վրա կրակել մի քանի գնդակ, որից հետո դադարել են կրակել»,-հայտնեց Սաղոյանը` ավելացնելով, որ հայ դիրքապահները պատասխան կրակ չեն բացում հակառակորդի ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշեց, որ ինչպես արդեն հայտնել են, շփման գծում որոշակի ակտիվություն նկատվում է հակառակորդի կողմից: «Երբեմն ակտիվանում են, երբեմն հանդարտվում»,-ասաց նա: Օրեր առաջ հակառակորդի գնդակից վիրավորված զինվորի վիճակն էլ, Հասրաթյանի տեղեկացմամբ, նորմալ է:

Հոկտեմբերի 13-ին ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի հետևանքով, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը:

Հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից սադրված հերթական միջադեպն է, որից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը նորից որդեգրել է իրավիճակի միտումնավոր ապակայունացմանն ուղղված անհեռատես ճանապարհը:Վերջին օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քառապատկել է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում