ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկովյան նահանգային թատրոնում (կույր մարդկանց համար ադապտացված առաջին ռուսական թատրոն) Դիանա Գուրցկայայի «Սրտի կանչով» բարեգործական հիմնադրամը հոկտեմբերի 15-ին անցկացրել է «Սպիտակ ձեռնափայտ» 5-րդ միջազգային բարեգործական փառատոնը: ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական ընտրությամբ` փառատոնին Հայաստանից մասնակցել է Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սան Հովհաննես Հովհաննիսյանը (երգեցողություն, դասատու` Մարիաննա Կարապետյան): Տասնմեկամյա Հովհաննեսը կատարել է Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» երգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնի հիմնական նպատակն է կույր և մասնակի տեսողություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու լիարժեք ինտեգրումը արդի գործընթացներում: Փառատոնը կնպաստի նաև երեխաների բարոյահոգեբանական դրական մթնոլորտի ձևավորմանը և կարծրատիպերի հաղթահարմանը:
Նախորդ տարիներին փառատոնին Հայաստանից մասնակցել են Երևանի Բարխուդարյանի անվան երաժտական դպրոցի սան Մարգարիտ Խաչատրյանը (դաշնամուր, 2010 թ., 2011թ.), Երևանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան Արսեն Գևորգյանը (երգեցողություն, 2012թ.):