ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունը կտրականապես մերժել է իր տարածքում բուֆերային գոտի ստեղծելու գաղափարը, ինչպիսի հիմնավորում էլ դրա համար ներկայացվիի: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին նշվել է հոկտեմբերի 15-ին նախարարության հայտարարության մեջ, որտեղ նաև ավելացվել է, որ Սիրիան պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքների ամբողջականությունը:
Սիրիայի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Թուրքիան սիրիական ճգնաժամի հենց սկզբից փորձել է ապակայունացնել երկրի վիճակը՝ սպառնալով նրա ինքնիշխանությանը, տարածքների ամբողջականությանը: Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիայի կառավարությունը ամեն կերպ աջակցել է ահաբեկչական կազմակերպություններին թե' ֆինանսապես, թե' զենք մատակարերով: Բացի այդ, Անկարան հեշտացրել է ահաբեկիչների մուտքը Սիրիայի տարածք: Այդպիսով, Թուրքիան դարձել է ահաբեկիչների հիմնական հենակետ, որը հարվածներ է հասցնում Սիրիային, Իրաքին և սպառնում են տարածաշրջանի մյուս երկրներին:
Թուրքիան իր հերթին անհրաժշետ է համարում բուֆերային գոտու ստեղծումը Սիրիայի հյուսիսում: Թուրքիան որպես պայման առաջ է քաշում իր մասնկացությունը միջազգային դաշինքի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարին: