Միջազգային

Դաշինքի հարվածները դանդաղեցրել են ԻՊ-ի առաջխաղացումը Այն ալ Արաբում

2 րոպեի ընթերցում

Դաշինքի հարվածները դանդաղեցրել են ԻՊ-ի առաջխաղացումը Այն ալ Արաբում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 21 օդային հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ քաղաքի «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդային հարվածները դանդաղեցրել են ահաբեկիչների հարձակումը քաղաքի վրա:

Ամերիկյան զինված ուժերի ղեկավարությունը նշել է, որ ոչնչացվել են ԻՊ-ի մի քանի դիրքեր` զենքով և տեխնիկայով: Օդային հարվածները ԻՊ-ին զրկել են նաև ուժերը համալրելու հնարավորությունից: Քաղաքի տարբեր հատվածներում բախումները շարունակվում են:

ԻՊ-ի անդամներից մեկը հոկտեմբերի 14-ին Այն ալ Արաբ քաղաքի մոտ ինքնահրկիզվել է: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ` դեպքը տեղի է ունեցել քաղաքից 2 կմ հեռավորության վրա: Աղբյուրի տեղեկացմամբ` հնարավոր է փակվի քաղաքից թուրքական սահման տանող ճանապարհը:

Ավելի քան 3 շաբաթ է, Սիրիայի քրդերը երկրի հյուսիսում պայքար են մղում ԻՊ-ի դեմ: Այն ալ Արաբ կամ Կոբանի քրդաբնակ քաղաքը համարվում է քրդական խոշորագույն կենտրոններից մեկը Սիրիայի հյուսիսում: Հոկտեմբերի սկզբին այնտեղ ապրում էր մոտ 100 հազար բնակիչ:

Ավելի քան 180 հազար քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից: Կոբանին կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: ԱյնալԱրաբքաղաքըգտնվումէԴամասկոսից 532կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում