ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր ուժերը հսկողություն են հաստատել Հալեպի Հանդարաթ գյուղի մի քանի հատվածների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բախումների ժամանակ կառավարական ուժերի տասնյակ անդամներ են զոհվել: Վերջերս գյուղն ամբողջությամբ հայտնվել էր սիրիական բանակի հսկողության տակ:
Զինված ընդդիմադիր ուժերը կարևոր կետեր են գրավել նաև Դարաայում և Կունեյտրայում: Բացի այդ, բախումներ են ընթանում Դամասկոսի Ջոբար թաղամասւոմ և Հաասթա, Արաբին, Այն Թուրմա գյուղաքաղաքներում: Կառավարական ուժերը ռմբակոծում են զինյալների դիրքերը: Նրանք հաջողություններ են գրանցել Զամալքայում:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Դուխանիա գյուղի վրա: Այն գտնվում է Դամասկոսի Ջարաման արվարձանի մերձակայքում, որտեղ այժմ մեծ թվով գաղթականներ են բնակվում երկրի այն շրջաններից, որտեղ բախումներ են ընթանում:
Սիրիական աղբյուրները տեղեկացրել են, որ Ռուսաստանը մարդասիրական օգնություն է տրամադրել Դամասկոսին: Մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը հասել է մայրաքաղաքի միջազգային օդանավակայան: Օգնության փաթեթների մեջ երեխաների համար նախատեսված կաթ և հագուստ է: