Քաղաքականություն

Հայաստանը շնորհակալ է Հունաստանին Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար.Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը շնորհակալ է Հունաստանին Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար.Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շնորհակալ է Հունաստանին Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկն օրենքի ուժով ճանաչելու եւ ժխտողականության դեմ պայքարում կատարած կարեւոր օրենսդրական քայլի համար:Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: ՀՀ Նախագահի խոսքով` օրեր առաջ Հունաստանի խորհրդարանի կողմից «Ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարի» օրինագծի լրամշակված տարբերակի ընդունումը Ցեղասպանության հանցագործության ժխտողականության դեմ պայքարի արդյունավետ գործոն է:

«Հաջորդ տարի հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հայաստանն այդ տարի դառնալու է ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի կարեւոր հաթակներից մեկը: Ապրիլին անց է կացվելու ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի կարեւոր քաղաքական-հասարակական ֆորում: Բարեկամ հույն ժողովրդի ներկայացուցիչներին եւս` որպես Պոնտոսի հույների ժառանգների, հրավեր է ուղարկվել` մասնակցելու այդ միջոցառմանը: Իսկ ես հրավիրել եմ նաեւ Հունաստանի Նախագահին 2015թ. ապրիլի 24-ին լինել Հայաստանում հայ ժողովրդի հետ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության տարելիցը»,-հայտարարեց ՀՀ Նախագահը:

Հունաստանի խորհրդարանը ձայների 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ սեպտեմբերի 9-ին ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Այսպիոսով Հունաստանը երրորդ պետությունն է` Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որ քերականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում