Արցախը կարող է ապրանք արտահանել Կալիֆորնիա «Արտադրված է Արցախում» ծագման վկայականով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը աննախադեպ երևույթ է համարում: Նրա գնահատմամբ` Կալիֆորնիայի սենատի ընդունած բանաձևը լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, եթե Հայաստանի և ԼՂՀ արտաքին դիվանագիտությունն այն համալրի գործնական քայլերով: «ԱՄՆ-ը դաշնային պետություն է, ամեն նահանգ ունի իր օրենքները: Արցախն իրավունք ունի իր ներկայացուցչությունը բացել Կալիֆորնիայում և համապատասխանաբար` Կալիֆորնիայի ներկայացուցչությունը բացել Ստեփանակերտում, ինչպես նաև իր ապրանքն արտահանել այնտեղ` «Արտադրված է Արցախում» ծագման վկայականով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց փորձագետը:

Կալիֆորնիան ԱՄՆ նահանգների շարքում` առաջինն, իսկ աշխարհում` ութերորդն է իր տնտեսությամբ: Այն Ադրբեջանից տարածքով մեծ է 7, բնակչությամբ` 6, իսկ տնտեսությամբ` 30 անգամ: Շահնազարյանը բացառում է նաև տեխնիկական խոչընդոտների առկայությունը Արցախի ապրանքը Կալիֆորնիա արտահանելու համար, քանի որ ԼՂՀ արտադրանքը Կալիֆորնաիայում արդեն վաճառվում է` պարզապես որպես ծագման երկիր նշվում է Հայաստանի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղը Կալիֆորնիա է արտահանում հիմնականում ոգելից խմիչք և պահածոներ:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատն օգոստոսի 27-ին 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավարական անկախությանը:

Կալիֆորնիայից բացի Արցախի անկախությունը ճանաչել են նաև ԱՄՆ չորս նահանգներ` Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը, ինչպես նաև Ավստրալիայի ամենամեծ` Նոր Հարավային Ուելս նահանգը:

Հայերեն English Русский