Տավուշի մարզպետարանը կլուծի առանց կացարան մնացած այգեպարցիների բնակարանային խնդիրը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Այգեպար գյուղի երկու ընտանիքներ, որոնք ադրբեջանական զինուժի կողմից այրող փամփուշտներով հայկական բնակավայրերը կրակի տակ պահելու հետևանքով զրկվել են տներից, շուտով աջակցություն կստանան: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բնակիչներին աջակցելու համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ մարզպետի կողմից համապատասխան հանձնարարություն ունի:
«Այրված երկու տների բնակիչներին օգնելու հարցն ընթացքի մեջ է, և համապատասխան փաստաթղթեր պատրաստելու հանձնարարություն ունեմ: Այժմ Այգեպարի գյուղապետի կարգադրությամբ հանձնաժողով է ստեղծվել: Տուժած բնակիչներին պիտի աջակցեն: Պիտի փորձենք լուծել նրանց բնակարանային խնդիրը, քանի որ երկուսի տներն էլ ամբողջությամբ վառվել են: Ինձ թվում է, որ հարցը կլուծվի և այդպես չի թողնվի»,-նշեց Ափինյանը:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ընդգծեց, որ դեռևս հայտնի չէ, թե երբ կլուծվի այս խնդիրը: «Չգիտեմ՝ ինչքան ժամանակում կլուծվի հարցը, որովհետև ՀՀ կառավարությունը պետք է գումար առանձնացնի: Նման դեպքերում միշտ օգնում են: Տավուշում դեպք չի եղել, որ չաջակցեն»,-նշեց նա:
Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ նաեւ, որ ընտանիքին օգնելու համար «Կոնվերս» բանկում հաշվեհամար է բացվել: Ցանկացողները կարող են գումար փոխանցել 1930044804170100 հաշվեհամարին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայություն օգոստոսի 10-ին` ժամը 04.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն:Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսովԱ. Գ.-ին պատկանող տները:Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են:
Հրդեհը բռնկվել է ադրբեջանական զինուժի կողմից այրող փամփուշտներով հայկական բնակավայրերը կրակի տակ պահելու հետեւանքով: Իսկ հրշեջ մեքենան չի կարողացել մոտենալ, քանի որ ճանապարհը եւս անընդհատ կրակի տակ է եղել:ՀՀ զինված ուժերի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն հակառակորդի դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցվել է:





Լուսանկարները՝ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի