Միջազգային

Հալեպի տարբեր թաղամասերում շարունակվում են պայթյունները և բախումները

2 րոպեի ընթերցում

Հալեպի տարբեր թաղամասերում շարունակվում են պայթյունները և բախումները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի թաղամասերում, այդ թվում` հայկական Նոր Գյուղ թաղամասում, մերթ ընդ մերթ գազի ռումբեր և հրասանդներ են ընկնում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի աղբյուրը: Քաղաքի մեծ մասն օրվա ընթացքում մի քանի ժամ ջուր է ունենում, սակայն որոշ թաղամասերում շուրջ 50 օր է, ինչ ջրամատակարարումը դադարեցված է:

Շարունակվում է նաև եկեղեցիներին և առաջնորդարաններին ուղղված հրթիռակոծությունը: Նախորդ շաբաթվա ընթացքում Ազիզիե թաղամասում ասորական համայնքի եկեղեցին և առաջնորդարանը զինված ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծության թիրախ են դարձել: «Գանձասար» թերթի խմբագրությունից հայտնեցին, որ արձանագրվել են նյութական վնասներ և վիրավորներ:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բախումները սիրիական բանակի և ահաբեկչական խմբավորումների միջև շարունակվում են Հալեպի տարբեր թաղամասերում և մերձակա գյուղերում: Մասնավորապես, Բանի Զեյդ, Հարյաթան, Հանանում, Ռասմ ալ Իմամ, Կուստուլ, Շաար, Կալաա Սիբաղ թաղամասերում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Դամասկոսի Ջոբար թաղամասում սիրիական բանակը թունել է հայտնաբերել, որի երկարությունը հասնում է 50, իսկ խորությունը՝ 5 մետրի: Զինյալները թունելն օգտագործում էին զենք տեղափոխելու համար: Ավելի վաղ բանակը հայտնաբերել և ոչնչացրել էր Մաղազիլ շրջանը Ջոբարին միացնող թունել, որի երկարությունը հասնում էր 70, խորությունը՝ 15 մետրի:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Հալեպի Ֆիրդուս թաղամասում ռմբակոծության հետևանքով 4 շենք ամբողջովին փլվել է:

Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի գրասենյակի տեղեկություններով` Սիրիայում հուլիսի 14-ին 25 մարդ է զոհվել:

Ավելի վաղ՝ հուլիսի 11-ի երեկոյան, Հալեպը ցնցվել էր ուժգին պայթյունից: Զահրա թաղամասում երկրաշարժի ուժգնությամբ պայթյունը ցնցել էր ողջ քաղաքը, ինչպես նաև հայաշատ թաղամասերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում