Միջազգային

Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում

2 րոպեի ընթերցում

Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում թեժ մարտեր են ընթանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում հուլիսի 11-ին թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, բախումների ժամանակ իսլամիստական խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել և վիրավորվել: Բախումներն ընթանում են Ջուրուդ ալ Ջաբբա և Ռաս ալ Մաարա բնակավայրերի մոտ` Լիբանանի տարածքից «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ներխուժելուց հետո:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հալեպում և մերձակա գյուղերում բանակը զինյալների թաքստոցներ է ոչնչացրել: Տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են Աթարիբ, Քուիրս, Կաբթան, Շեյխ Սայիդ, Ֆախուր և այլ շրջաններում: Բանակը կանխել է զինյալների մուտքը Իքսար ալ Բազար շրջանից դեպի Հալեպի անվտանգ թաղամասեր:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին Հալեպում 23 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ռմբակոծվել են քաղաքի Մանաշիր ալ Հաջր, Ջիզմեթի և Միսր թաղամասերը, ինչպես նաև Հալեպի հյուսիսում գտնվող Քասթիլիո ճանապարհը:

Բախումները զինյալների և բանակի միջև չեն դադարել Սինաիա քաղաքի շրջակայքում, որը մի քանի օր առաջ բանակը վերցրել էր իր հսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում