ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ահաբեկչական խմբավորման հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրակնացված հարձակմանզոհ են դարձել Համայի հյուսիս-արևմուտքում գտնվող Խատտաբ գյուղի բնակիչները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զանգվածային սպանության զոհ են դարձել 14 քաղաքացիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Մարզի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հուլիսի 9-ի վաղ առավոտյան ահաբեկչական խմբավորումը ներխուժել է գյուղ և գլխատել անմեղ մարդկանց, խոշտանգել նրանց մարմինները:
Համայի ազգային հիվանդանոցի տնօրեն Սալիմ Խալուֆը նշել է, որ զոհ է դարձել 7 կին և մեկ երեխա: Բացի զոհերից, հիվանդանոց է տեղափոխվել 2 վիրավոր:
Մյուս կողմից, սիրիական բանակը շարունակում է պայքարել զինյալների դեմ: Սիրիա-լիբանանյան սահմանի մոտ գտնվող Կալամուն շրջանի Ասալ գյուղում զինյալները լուրջ կորուստներ կրել, ոչնչացվել են նրանց զենքերը: Բացի այդ, 278 զինյալ Դամասկոսում և երձակա գյուղերում, Հոմսում, Իդլիբում, Դեր Զորում, Լաթաքիայում, Համայում և Ղամիշլիում վայր է դրել զենք և հանձնվել իշխանություններին:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: