ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը հուլիսի 7-ին ամբողջական հսկողություն է հաստատել Սիրիայի Արևելյան Ղուտայի շրջանի Միդաա գյուղի և շրջակա տարածքների վրա` «Իսլամական բանակ» խմբավորման հետ երկու շաբաթից ավելի տևածթեժ բախումներից հետո: Ավելի վաղ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումն ավելի քան 30 հազար բնակիչների վտարել է Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զորի մարզի Շահիլ գյուղաքաղաքից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սիրիական բանակը թեժ մարտեր է մղում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դեմ Արևմտյան Ղուտայի շրջանի Խան Շեյխ գյուղի մերձակայքում: Սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև թեժ մարտեր են ընթանում նաև Դարաայի շրջանի Օսման գյուղում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինյալները լուրջ կորուստներ են կրել Հոմսի շրջանում: Ում Շարշուհ գյուղում ոչնչացվել են զինյալներին պատկանող երկու մեքենաները և ավտոբուսը` տասնյակ զինյալներով:
Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական գրասենյակը տեղեկացրել է, որ հուլիսի 6-ին Սիրիայում 35 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա:
ԻԼԻՊ խմբավորումը ռազմական գործողություններ է ծավալում Իրաքում և Սիրիայում, որի նպատակն է Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում հիմնել սունի իսլամական պետություն: Խմբավորումը Աբու Բաքր ալ Բաղդադիին առաջարկել է դառնալ իսլամական պետության ղեկավարը, և նա համաձայնել է: 2014թ.-ի փետրվարին խմբավորումը ԱՄՆ-ի կողմից հայտարարվել է ահաբեկչական: