ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հուլիսի 3-ին վերահսկողություն է հաստատել Ռահմանիա գյուղի և նրա մերձակայքում գտնվող բլուրի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալ Մայադին» կայքը, գյուղը գտնվում է Հալեպի մերձակայքում՝ Շեյխ Նաջար գյուղի արևելյան հատվածում:
Բացի այդ, սիրիական բանակը Հոմս քաղաքի Հայկական թաղամասում ականապատ մեքենա է վնասազերծել: Անակապատ մեքենայում հայտնաբերվել են 400 կիլոգրամ կշռող պայթուցիկ սարքավորումներ: Թաղամասում հայեր չեն բնակվում, պարզապես մինչև այժմ այն կրում է «Հայկական» անվանումը:
Մյուս կողմից, ԻԼԻՊ խմբավորումը հսկողություն է հաստատել Դեր Զորի արևելքում գտնվող գյուղերից մեկի վրա:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հալեպի հյուսիսում գտնվող Սինաիա քաղաքի մեծ մասի վրա: Այժմ շարունակվում են բախումները քաղաքի ծայրամասերում: Աղբյուրը տեղեկացնում է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումեը մտել է Դեր Զորի հարավ-արևմուտքում գտնվող Մայադին քաղաքը, ոչնչացնելով «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական խմբավորումների անդամներին: