Թուրք մտավորականը Թուրքիայում իրականացվող պատմության զեղծարարությունը բնութագրող նոր տերմին է հորինել
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող թուրք մտավորականներից Ռագըփ Զարաքոլուն Թուրքիայում իրականացվող պատմության զեղծարարությունը բութագրող նոր տերմին է հորինել: «Historicide» (պատմության բնաջնջում) տերմինը կոչված է բնութագրելու 1915 թվականից հետո Թուրքիայում սկսված և մինչ օրս շարունակվող Հայոց ցեղասպանությունը փաստող փաստաթղթերի ոչնչացման և պատմության խեղաթյուրման գործընթացը: «Ժխտողականությունն այնպիսի բան է, որ մեկ անգամ խեղաթյուրելով և ձևափոխելով իրականությունը, այն շարունական բնույթ է ստանում: Սկսում են անընդhատ պատմությունը կեղծել, սուտ վկայություններ հորինել, հանրագիտարաններից, գրքերից և քարտեզներից ջնջել հայության հետքը: Թուրքիայի դիկտատոր Քենան Էվերնը ժամանակին արգելեց «Բրիտանիկա» հանրագիտարանը Թուրքիայում, որովհետև այն հայերի և Հայաստանի մասին տեղեկություններ էր պարունակում: Ես դա բնութագրող մի տերմին եմ հորինել, որ կոչվում է «Historicide» (պատմության բնաջնջում): Սա ինձ հիշեցնում է Ջորջ Օուրելի «1984» ստեղծագործությունը, ուր պատմվում էր մասնագետների մասին, ովքեր հին փաստաթղթերը ոչնչացնում են կամ ստեղծում ժամանակակից համակարգին հարմարեցված նոր փաստաթղթեր: Ինչպես բոլոր տոտալիտար երկրներում Թուրքիայում նույնպես նույն գործընթացն է կատարվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` րագրողների հետ հանդիպմանն ասաց Զարաքոլուն:
Թուրք իրավապաշտպանն այս անգամ Հայաստան է ժամանել ներկայացնելու Հայոց ցեղասպանությունը վերապրածների 1916-1917 թթ. վկայություններն ընդգրկող «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. վերապրածների վկայություններ» եռահատոր ժողովածուի թուրքերեն թարգմանությունը: Ժողովածուի թուրքերեն տարբերակը լույս է տեսել չորս օր առաջ` 1500 օրինակով, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի հրատակչությամբ և Լիսաբոնի Գյուլբենկյան հիմնադրամի հովանավարությամբ:
«Այս գրքի հրապարակումը ինձ շատ հուզեց, քանի որ այն շատ օպերատիվ կատարված աշխատանք է` վկայությունները հավաքվել են ցեղասպանությունից անմիջապես հետո: Թուրքիայում մենք հրապարակել ենք նաև Հայոց ցեղասպանությունն ապացուցող գերմանական փաստաթղթերը և Վերժինե Սվազյանի հավաքած փաստավավերագրական նյութերը, ինչպես նաև «Կապույտ գիրքը», որն ուղարկել էինք Թուրքիայի խորհրդարանի 550 պատգամավորներին: Ուստի այս գրքի հրատարակումով ամբողջացվեց այս նյութի հետ կապված փաստերի ներկայացումը Թուրքիայում»,- ասաց նա:
1916-17 թթ-ին` Հայոց ցեղասպանությունից հետո, Անդրկովկասի տարածքում, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի այն հատվածներում, որոնք արդեն գրավվել էին ռուսական բանակի կողմից, իրականացվել է այսօրվա ընկալումով մի ծրագիր, որի նպատակն էր պարզել, թե ինչ էր կատարվել Արեւմտյան Հայաստանում 1915-ին: Արդյունքում 2012 թվականին հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ: Արխիվային փաստաթղթեր» եռահատոր եղաշխատություն, ուր ներկայացվում են Հայոց ցեղասպանության վերապրածների տված 600-ից ավելի վկայություններ: Եռահատորի առաջին հատորը պատմում է Վանի նահանգի մասին, որը բաժանված է ըստ գավառների, որոնք էլ` ըստ գավառակների: Երկրորդը վերաբերում է Բիթլիսի նահանգին, որի մեջ մտնում էր Մանազկերտը, Մուշը, Սասունը, Բիթլիսը: Երրորդ հատորը վերաբերում է Արեւմտյան Հայաստանի մյուս տարածաշրջաններին` Խարբերդին, Տիգրանակերտին, Տրապիզոնին: Գիրքն ունի տեղեկատու համակարգ, բոլոր բնակավայրերը բացատրված են թե որտեղ են գտնվում, մարդկանց մասին հնարավորին տեղեկություններ կան, իսկ անհասկանալի բառերը կարելի է գտնել օտար կամ բարբառային բառերի բառարանում: Իրավական առումով այն ունի մեծ նշանակություն, քանի որ վկայությունները գրի են առնվել մեկ տարի հետո, որբ խոսք չկար դեռեւս Հայոց ցեղասպանության մասին: 2013 թվականին եռհատորյակի պարունակությունից առանձնացվել են 145 վկայություններ, որոնք նախաբանով և ներածականով թարգմանվել ու հրատարակվել են անգլերենով, ներդիր ինը քարտեզներով: