ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսի Ուադի Զահաբ թաղամասում հունիսի 24-ին ուժգին պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, նախնական տեղեկություններով` զոհվել է 1 և վիրավորվել 10 մարդ: Պայթյունը որոտացել է Բեյթ Տաուլ փողոցում: Ականապատ մեքենայի ղեկին եղել է մահապարտ-ահաբեկիչը:
Ուադի ազ Զահաբ թաղամասը հիմնականում բնակեցված է ալաուիներով, ովքեր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցներն են:
Մի քանի օր առաջ Հոմսի Նուզհա թաղամասում ականապատ մեքենայի պայթյունից 6 մարդ էր զոհվել, ևս 40-ը՝ վիրավորվել: Եվս մեկ պայթյուն տեղի էր ունեցել հունիսի 13-ին. զինյալների կողմից իրականացված ականապատ մեքենայի պայթյունից 7 մարդ զոհվել, ևս 55-ը վիրավորվել էր:
Սիրիական բանակը մայիսի սկզբին իր հսկողության տակ էր վերցել Հոմս քաղաքը՝ այնտեղից վտարելով զինյալներին:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Բացի այդ, զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: