Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Լևոն Արոնյանին ու Մագնուս Կառլսենին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն հունիսի 24-ին ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող շախմատի աշխարհի գործող չեմպիոն, գրոսմայստեր Մագնուս Կառլսենին և աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ողջունելով շախմատիստների այցը` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծել է, որ աշխարհի գործող չեմպիոնի ժամանումը Հայաստան մեծ խանդավառություն պիտի պարգևի շախմատի սիրահարներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ է նշել, որ դեռևս վաղ միջնադարից Հայաստանում հայտնի շախամատը, այսօր ևս լայնորեն տարածված է երկրում և ծրագրային առարկա լինելով հանրակրթական դպրոցներում` նպաստում է երեխաների մտքի զարգացմանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ Մայր Աթոռի թանգարանում են պահվում Տիգրան Պետրոսյանի թագն ու թիկնոցը, որոնք աշխարհի չեմպիոնը ժամանակին ընծայաբերել է երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսին:

Մագնուս Կառլսենը և Լևոն Արոնյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վեհափառ Հայրապետին ներկայացրել են Տաթևի վանք կատարած այցելության իրենց տպավորությունները: Երեկ Տաթևում նրանք առիթ են ունեցել խաղալու հոգևորականների, ինչպես նաև Հալիձորի ու Տաթև համայնքների երեխաների հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայ եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, պատմության ընթացքում կրած դժվարություններին և ներկայիս նրա հոգևոր առաքելության արդյունավորմանն ուղղված գործունեությանը:

Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել շախմատիստներին` մաղթելով նորանոր հաղթանակներ և հորդորելով բարի օրինակ փոխանցել, որ մրցույթը կարող է լինել ի նպաստ խաղաղության, ժողովուրդների բարեկամության ամրապնդման և համերաշխ գոյակցության:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից