Հասարակական

Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

3 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին Հայաստանի առողջապահության համակարգին ցուցաբերած աջակցության և երկարամյա համագործակցության համար:

«Առողջապահական ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք` հաշվի առնելով անցած ճանապարհը»,-ասել է ԱրմենՄուրադյանը: Նա բարձր է գնահատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և ՀՀ կառավարության միջև 2010թ. օգոստոսի 6-ին ստորագրված առողջապահության և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագիրը, որի շրջանակում առողջության առաջնային օղակում շարունակվում է բարեփոխումների իրականացումը, տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը:

Նախարարը նաև կարևորել է այն հայ բժիշկների դերը, ովքեր ապրում և ակտիվ գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում և մեծ ներդրում ունեն Հայաստանի առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում։ Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել նրանց մշտական կապը հայրենիքի գործընկերների հետ:

Արմեն Մուրադյանին շնորհավորելով պաշտոնավարման առթիվ` Ջոն Հեֆերնը նշել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մշտապես սերտորեն և արդյունավետ է աշխատել ՀՀ առողջապահության նախարարության թիմի հետ: «Հայաստանում գտնվելուս ընթացքում մենք բազմաթիվ համաձայնագրեր ենք կնքել, որոնց շուրջ ծավալվել է երկկողմ համագործակցություն: Առաջիկայում առողջապահական ծրագրերը կունենան նաև ստեղծարար մոտեցումներ»,- կարծիք է հայտել Հեֆերնը:

Առողջապահության նախարարությունը սերտ և շարունակական համագործակցություն է ծավալել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի, ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհաննեսյանի կողմից 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության, Ամերիկայի Միացյալ հայկական հիմնադրամի (UAF), 1997 թվականից Հայաստանում գործող հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և մի շարք այլ կազմակերպությունների և անհատների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում