Մարզային

Վերականգնվում է Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարը

2 րոպեի ընթերցում

Վերականգնվում է Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարը

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերականգնվում է Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարը, որը գտնվում է Վահրամաբերդում: Այս որմնանկարը Մինասի՝ Շիրակի մարզում գտնվող ամենահրատապ վերականգնման կարիք ունեցող որմնանկարն էր: Այս պահին վերականգնման աշխատանքներն իրականացնում են տեղի մասնագետները, իսկ մեկ ամսից նրանց կմիանան իտալացի վերականգնողները: Աշխատանքերն իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով՝ «Մինաս Ավետիսյան մշակութային հիմնադրամ»-ի կողմից:

Որմնանակարը 1988 թվականի երկրաշարժից հետո ավելի քան 20 տարի գտնվել է բաց երկնքի տակ՝ փայտե պատնեշի մեջ:Այն ոչնչացումից փրկելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ և պետական միջոցներով Վահրամաբերդում 2012 թվականին կառուցվեց մշակույթի տուն՝ «Արմենիան» թողնելով կառույցի ներսում: Սակայն շինարարական աշխատանքների ժամանակ շինարարը մեծ վնաս էր հասցրել որմնանակարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մինասի որդին՝ Արման Ավետիսյանը, մշակույթի տունը կառուցվեց որմնանակարը փրկելու համար, մինչդեռ շինարարական անփութության պատճառով որմնանկարն ավելի վնասվեց: «Շինարարական այդ մեկ տարվա ընթացքում որմնանկարն ավելի վնասվեց, քան երկար տարիներ դրսում մնալուց: Պատճառն այն է, որ շինարարը, առանց խորհրդակցելու մասնագետների հետ, շինարարության ընթացքում, բացել էր որմնանակարը պաշտպանող փայտե պատնեշը: Չկար իրավունք շինարարական աշխատանքերն իրականացնել առանց մասնագետների հետ խորհրդակցելու՝ այն դեպքում, երբ խոսքը Մինասի ամենարժեքավոր որմնանկարներից մեկի մասին էր»,-նշեց Արման Ավետիսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում