ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Սիրիայում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ հունիսի 4-ին հայտարարել է, որ այն չի կարելի համարել ժողովրդավարական քվեարկություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, փաստաթղթում նաև նշված է, որ Եվրամիությունը ընտրություններն օրինական չի համարում, և դա թուլացրել է սիրիական ճգնաժամի հաղթահարման համար ներդրված բոլոր ջանքերը: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ քվեարկությանը չի կարողացել մասնակցել այն շրջանների սիրիացիների մեծամասնությունը, որոնք գտնվում են ընդդիմադիրների հսկողության տակ: «Ցանկացած ընտրություններ Սիրիայում պետք է անցկացնել իրական քաղաքական գործընթացի շրջանակներում, որը համաձայնեցված է միջազգային հանրության հետ»,- ընդգծվել է հայտարարության մեջ:
Իրենց հերթին ռուս դիտորդները նշել են, որ Սիրիայի ընտրություններն անցել են արդար, օրինական և թափանցիկ: Նման տեսակետ են հայտնել նաև իրանցի դիտորդները:
Սիրիայում կեսգիշերին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, և սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` 5 ժամով երկարաձգվել էր ընտրությունների ընթացքը: Նախագահական ընտրություններում մրցակցում են նախագահի 3 թեկնածուներ՝ գործող Նախագահ Բաշար Հաֆեզ ալ Ասադը, Հալեպից ընտրված պատգամավոր Մահել Աբդ ալ Հաֆեզը և գործարար Հասան աբդ ալ Իլլահի ան Նուրին: Սիրիայում երկրի նախագահը կընտրվի 7 տարի ժամկետով: