Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն պատժում է Ադրբեջանին հայամետ պատգամավորի մուտքն իր երկիր արգելելու համար

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ն պատժում է Ադրբեջանին հայամետ պատգամավորի մուտքն իր երկիր արգելելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել առաջիկա երկու տարիների ընթացքում վեհաժողովների ոչ մի նիստ այլևս չանցկացնել Ադրբեջանում: Նման որոշման պատճառ է դարձել այն, որ ադրբեջանական իշխանությունները վերջին պահին չեղյալ էին համարել մայիսի 22-23-ը Բաքվում ԵԽԽՎ Բյուրոյի ու Մշտական խորհրդի նիստներին մասնակցելու նպատակով ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, հայանպաստ գործունեությամբ հայտնի Ռենե Ռուքեին արդեն իսկ տրամադրված մուտքի վիզան: Որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունիսի 1-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, որոշումը չի գործի միայն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններ իրականացնելու պարագայում:

Նման որոշմամբ` ԵԽԽՎ-ն ընդգծել է, որ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի արտոնությունների ու անձեռնամխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի և Փարիզի արձանագրությունների խախտում, որոնք ապահովում էին կառույցի անդամների անձեռնամխելիությունն ու ազատ տեղաշարժը:

Նման արգելքը ԵԽԽՎ Բյուրոն կարող է հանել այն դեպքում, եթե ադրբեջանական իշխանությունները երաշխավորեն վեհաժողովի անդամների տեղաշարժման ազատությունն Ադրբեջանում վեհաժողովի գործերով ճամփորդություն իրականացնելու ժամանակ:

Ադրբեջանական իշխանությունները ԵԽԽՎ անդամ Ռենե Ռուքեին հրաժարվել էին թողնել մուտք գործել երկիր, քանի որ վերջինս աչքի է ընկնում հայամետ դիրքորոշմամբ, բացի այդ արդեն հասցրել էր լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում