Քաղաքականություն

ԱԺ-ն քննարկում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

5 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովը փետրվարի 11-ին քննարկում է քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստին հիմնական զեկույցով հանդես եկավ Արտակ Զեյնալյանը, որը ներկայացրել է նախագծի հիմնական դրույթները և հիմնավորումները։ 

Նրա խոսքով՝ օրենքի վերջանական տարբերակը, որը հավանության է արժանացել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում, ունի հետևյալ բովանդակությունը․ «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր՝ հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակն առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու Հայաստանի ժողովրդի, նրա ներկայիս իշխանությունների կամքի, վճռականության ամրագրումն է: Օրենքը հայտարարում է նախաձեռնողների և Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, որը կկանխորոշի Հայաստանի իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը:

Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում օրենքը, նրա ընդունման ձևն ու միջոցը կմեծացնեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրակայումը, դիմադրունակությունը: Օրենքի ընդունումը ժողովրդավարությունը, քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցության իրավունքն ու դրա գործնականում իրագործումը, իրավունքի գերակայությունը կդարձնի անշրջելի, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը»,- ընդգծեց Զեյնալյանը։

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի խոսքով՝Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, կնպաստի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, Հայաստանի ազգային բանակի համապատասխանեցմանը Եվրամիության անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին, մարդու իրավունքների շարունակական զարգացմանը և պաշտպանությանը:  

«Օրենքի ընդունումը կնպաստի տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը՝ գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանացմամբ, արտադրողականության և ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, որ հնարավոր է միայն Արևմուտքի ու Եվրամիության հետ համագործակցությամբ ներդրումներին ու տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմամբ, արդյունաբերության վերագործարկմամբ, տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ և ռեալ հատվածի մասնաբաժնի մեծացմամբ, լոգիստիկ նոր կապերի ստեղծմամբ, հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով: Օրենքի ընդունումը կնպաստի ժողովրդագրական անվտանգության խնդրի լուծմանը՝ նոր աշխատատեղերի ստեղծմամբ, կենսամակարդակի բարձրացմամբ, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմամբ»,- ասաց Զեյնալյանը։ 

Նա նշեց նաև, որ օրենքի ընդունումը կնպաստի ներքին կայունության, համերաշխության ու միասնականության ապահովման խնդիրների լուծմանը՝ պետական քաղաքականության միջոցով, պետության զարգացման հեռանկարների որոշարկմամբ ու ծրագրմամբ:  

«Օրենքի ընդունումը կնպաստի կրթության ու մշակույթի համաեվրոպական արժեքներին և չափանիշներին համահունչ զարգացմանը, քաղաքակրթական ընդհանուր միջավայրի ձևավորմանը։ Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը կհարստացնի Եվրամիության արժեքային համակարգն ու քաղաքակրթական մոդելը` հայկական բազմադարյա պատմության կուտակած փորձով ու ինքնատիպությամբ»,- եզրափակեց Զեյնալյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում