Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից. ներկայացրեց Արման Եղոյանը
3 րոպեի ընթերցում
![Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից. ներկայացրեց Արման Եղոյանը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/llhd6eKraUaMfkOpApmqPaoZg36zg4v7BWz5cLzI.webp)
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրամիությանը ՀՀ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծի քննարկման ժամանակ ներկայացրեց, թե որ դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եղոյանն ընդգծեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս կգա միայն այն դեպքում, եթե Եվրամիության հետ ստորագրի ազատ առևտրի համաձայնագիր։
«Շատ քննարկվեց ԵԱՏՄ-ում մեր անդամակցության հարցը։ Չեմ ուզում խուսափողական պատասխաններ տալ։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունն այս օրենքը («Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի ընդունում-խմբ․) ընդունելու դեպքում, եթե անի իր հաջորդ քայլը դեպի Եվրոպական միություն (այսօրվա մեր իրավապայմանագրային բազային գումարած ևս մեկ քայլ պետք է անի), դա պետք է լինի ազատ առևտրի համաձայնագիրը։ Շատ դասական փաստաթուղթ, որի շուրջ նախորդ կառավարությունը բանակցում էր տարիներ շարունակ, և որը չստորագրվեց հայտնի պատճառներով։ Ահա, եթե նման փաստաթուղթ ստորագրվի Եվրամիության հետ և այն օրը, երբ այդ համաձայնագիրը ուժի մեջ մտնելու լինի, Հայաստանը այլևս չի կարող լինել ԵԱՏՄ անդամ։ Եթե խոսում ենք դասական ազատ առևտրի համաձայնագրից, այլ ոչ թե չորս կողմից կտրտած և հիբրիդային փաստաթղթից։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց դա ճանապարհ է, որը պետք է անցնենք և չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակում»,- ասաց Եղոյանը։
Հայաստանի խորհրդարանը քննարկում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթաց սկսելու վեաբերյալ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է քաղաքացիական նախաձեռնության կողմից։ «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք էր սկսել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու նախագիծ ներկայացնելու օրակարգով։ Սահմանված ժամկետում նախաձեռնության անդամները անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքել էին 60 հազար ստորագրություն, ինչից հետո նախագիծն օրենքով սահմանված կարգով ներկայացվել էր ՀՀ կառավարության քննարկմանը, որի կողմից հաստատվելուց հետո քննարկման է դրվել խորհրդարանում։
Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ Հայաստանի կողմից ՇԵվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծն ընդունելը կնշանակի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մեկնարկը։