Հայաստան

ԶՊՄԿ-ն վերադարձել է աշխատանքային բնականոն հուն. գլխավոր տնօրենն ուղերձ է հղել կոլեկտիվին

3 րոպեի ընթերցում

ԶՊՄԿ-ն վերադարձել է աշխատանքային բնականոն հուն. գլխավոր տնօրենն ուղերձ է հղել կոլեկտիվին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսել է աշխատանքային բնականոն ռեժիմը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում կոմբինատի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձից: 

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Շնորհակալություն եմ հայտնում Ընկերության կոլեկտիվին՝ արտադրական գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերի համար։ Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների և գնահատականների՝ գիտակցելով Ընկերության ռազմավարական և տնտեսական նշանակությունը մարզի և Հայաստանի Հանրապետության համար։

Վերահաստատում ենք այս օրերին Ընկերության կողմից կայացրած որոշումների և կատարված հայտարարություններով ստանձնած պարտավորությունների անվերապահ պահպանումը և կատարումը։

Բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր այս օրերին ջանքեր գործադրեցին ծագած խնդիրներին կառուցողական լուծումներ տալու ուղղությամբ, հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։

Հանձնառու ենք մեր աշխատակիցների հետ քաղաքակիրթ աշխատանքային մթնոլորտում քննարկել և լուծել ընթացիկ բոլոր հարցերը։

Ընկերությունը, կատարելով ավելի վաղ ստանձնած պարտավորությունները և հանդես գալով որպես աշխատակիցների անվտանգ աշխատանքային միջավայրի երաշխավոր, հորդորում է բոլոր այն աշխատակիցներին, ովքեր Ընկերության արտադրական գործունեության վերսկսմամբ կամ իրենց աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված ենթարկվել են կամ կենթարկվեն ցանկացած տեսակի սպառնալիքի, բռնության, ոտնձգության կամ հաշվեհարդարի, այդ մասին անհապաղ հաղորդել [email protected] էլ․ փոստի հասցեով կամ,  +37495364587 հեռախոսահամարով։ 

Ընկերությունը երաշխավորում է հաղորդումների գաղտնիությունը և բացառում ազդարարողների նկատմամբ վրեժխնդրության հանդուրժումը՝ համաձայն Ընկերության «Աշխատավայրում բռնության, ոտնձգությունների, խտրականության և հաշվեհարդարի դեմ պայքարի» քաղաքականության (hղումը` https://www.zcmc.am/about/governance/): 

Ընկերությունը խստորեն դատապարտում է ցանկացած նման ճնշում իր աշխատակիցների նկատմամբ և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նշված անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ պաշտպանելով իր աշխատակիցների իրավունքները և անվտանգությունը»: 

ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ օրեր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում