Հայաստան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է ուսումնական հաստատություններ

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է ուսումնական հաստատություններ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 109 ավագ դպրոց և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ՝ ծանոթանալու ուսուցման պայմաններին, խնդիրներին, լսելու սովորողների մտահոգություններն ու առաջարկները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Երևանի թիվ 109 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, զրուցել  աշակերտների հետ: 

«Ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքը, առաջարկներն ու հարցերը ուսումնական գործընթացի կազմակերպման, մասնավորապես՝ նոր չափորոշչի ներդրման առանձնահատկությունների, ուսումնական միջավայրի համար անհրաժեշտ պայմանների առկայության և այլ հարցերի վերաբերյալ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը սովորողների հետ զրույցում: 

Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտներն ի՞նչ սկզբունքով են ընտրություն կատարել, ի՞նչ մասնագիտական կողմնորոշում ունեն, արդյոք ընտրած հոսքը համապատասխանում է մասնագիտական ընտրությանը և այլն: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է ավագ դպրոցում նպատակային առարկաների ընտրությունը և ուսուցումը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում  կրթությունը շարունակելու տեսանկյունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մասնագիտական կողմնորոշման խմբակներին՝ հույս հայտնելով, որ դրանք կօգնեն  աշակերտներին ճիշտ պլանավորել իրենց ուսումնառության հետագա ընթացքը:

Արաքսիա Սվաջյանին նաև հետաքրքրել է՝ տարվա ընթացքում երկու անգամ ընդունելության քննություն հանձնելու գործընթացն ինչպես են գնահատում աշակերտները. արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Վերջիններս ընդգծել են, որ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունը դյուրին է դարձնում բուհ  ընդունվելու գործընթացը, քանի որ իրենց գիտելիքը տվյալ փուլում ստուգելով՝ կարողանում են  ավելի հեշտությամբ կողմնորոշվել երկրորդ փուլին մասնակցելու հարցում: 

Աշակերտները ներկայացրել են իրենց տպավորությունները նոր չափորոշչի և կրթական ծրագրի մասին՝ անդրադառնալով նաև նոր դասագրքերին և տարբեր առարկաների  աշխատանքային տետրերին։ 

Այժմ Երևանի թիվ 109 ավագ դպրոցում սովորում է 218 աշակերտ:

Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում, որտեղ սովորում է 740 ուսանող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է շենքային պայմաններին, առկա խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններին:

Նա, մասնավորապես,  հետաքրքրվել է ուսումնական գործընթացի կազմակերպմամբ, քոլեջի գույքային հագեցվածությամբ, ուսումնական պրակտիկաների իրականացման արդյունավետությամբ, ուսանողների հաճախելիությամբ և այլ հարցերով։ 

Քոլեջում ևս նախարարի տեղակալը զրուցել է ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական հետագա գործունեությամբ:  

Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը քոլեջի մանկավարժների հետ քննարկել է ՄԿՈՒ համակարգում անցյալ տարվանից ներդրված ատեստավորման գործընթացի ընդհանուր արդյունքները: 

Նախարարի տեղակալի խոսքով՝ դասավանդող անձնակազմի մասնագիտական զարգացման խրախուսումը և վարձատրության բարելավումը պետության համար առաջնահերթ են, և ատեստավորման գործընթացն այդ մեխանիզմներից մեկն է։ Նա տեղեկացրել է, որ ՄԿՈՒ ոլորտում դասավանդողների համար 2025 թվականին առաջին անգամ կիրականացվի նաև տարակարգի տրամադրման գործընթացը, որը ևս աշխատավարձի բարձրացման հավելյալ հնարավորություն է ապահովում։ Արաքսիա Սվաջյանը  հույս է հայտնել, որ քոլեջների և ուսումնարանների բոլոր դասախոսները և վարպետները ակտիվորեն կդիմեն տարակարգ ստանալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում