Քաղաքականություն

Ինչ ճանապարհ էլ լինի, Ադրբեջանը դա անվանելու է «միջանցք». Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Ինչ ճանապարհ էլ լինի, Ադրբեջանը դա անվանելու է «միջանցք». Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանը Նախիջևանին կապող ցանկացած ճանապարհ անվանելու է «միջանցք»: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում: 

Նա վստահեցրեց, որ բանակցություններն այն տրամաբանության մեջ են, որ ապաշրջափակումը կլինի երկրների ինքնիշխանության ներքո: Նա նկատեց՝ միանշանակ է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է իրենց էքսկլավի հետ կապը, և Հայաստանն իր վերաբերմունքն ու առաջարկները դրա հետ կապված ներկայացրել է: 

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող հռետորաբանությանը՝ ԱԺ նախագահն ասաց. 

«Ինչ ճանապարհ էլ լինի, մեր կողմից` ամենալավ պատկերացրած, իրենց կողմից` վատ պատկերացրած, իրենք դա անվանելու են «միջանցք»: Եկեք ֆիքսենք դա: Եթե անգամ 0 արտոնություն լինի, իրենք, միևնույն է, քաղաքական առումով ասելու են միջանցք: «Միջանցքը», որը չի լինի ՀՀ ինքնիշխանության ներքո, կլինի մեր օրենսդրությունից դուրս՝ մեզ համար անընդունելի է: Ինչ էլ լինի, ինչ էլ վերջում ստացվի, իրենք ասելու են՝ մենք մեր «միջանցքը» ստացանք: Իրենց պետք եղած ժամանակ իրենց մեկնաբանությունը ոնց ուզում՝ տալիս են»:

Սիմոնյանի խոսքով՝ «միջանցքի» խոսակցությունը բացվել է նրանից, որ նպատակ է եղել՝ ռուսական զորքեր բերել, որպեսզի նրանք վերահսկեն, այսպես կոչված, այդ «միջանցքը»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում