Քաղաքականություն

ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների գործընթացն ավելի խորը փակուղի է մտել. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների գործընթացն ավելի խորը փակուղի է մտել. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների գործընթացն ավելի մեծ փակուղի է մտել, քան Կազանի հանդիպումից և Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո: «Հակամարտության բանակցային գործընթացի զարգացման հնարավորություններն այս փուլում ավելի դժվարացել են, ավելի մեծ փակուղու առջև ենք կանգնած, քան Կազանյան հանդիպումից և Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, երբ երկու պարագայում էլ իրավիճակ էր փոխվել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Վերլուծելով Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը դեպի տարածաշրջան` քաղաքագետը նշեց, որ այն ընթացավ այն ֆոնի ներքո, որ մինչ այդ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուրլիքը ձևավորել էր իր ներկայացրած խաղաղության վեց կետերով: Բացի դրանից, քաղաքագետը նկատում է Մինսկի խմբի ընդհանուր դիրքորոշման փոփոխություն, որն արտահայտվում է նաեւ ֆրանսիացի համանախագահի փոփոխությամբ:

Այդ տեսանկյունից Հրանտ Մելիք-Շահնազարյանն առանձնացրեց համանախագահների այն հայտարարությունը, որ կատարել էին տարածաշրջանային այցից հետո: «Լեռնային Ղարաբաղը ոչ թե մեկ միավոր են դիտում, այլ բաժանել են երեքի, տարածաշրջան այցի վերջում արված հայտարարության մեջ ասում են` այցելեցինք Արցախ, Լաչին (Բերդձոր), Քելբաջար (Քարվաճառ) և բոլոր տեղերում հանդիպեցինք տեղական իշխանությունների հետ: Այս ձևակերպումը բավական տարօրինակ է, արհեստականորեն փորձում են տարածքները բաժանել ու, իրենց տրամաբանությամբ, հիմքեր նախապատրաստել հետագայում տարածքային առևտրի համար»,-փաստեց բանախոսը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` այդ համատեքստում բավականին հաճելի էր տեսնել Արցախի պաշտոնական տեսակետն ու նախագահ Բակո Սահակյանի խոսքը, որ նախկին կարգավիճակին վերադարձ լինել չի կարող:

Քաղաքագետի համոզմամբ` Մինսկի խմբի համանախագահների միասնականության քայքայումը պայմանավորված է Ռուսաստան-Արևմուտք նորից սկիզբ առած աշխարհաքաղաքական մրցակցությամբ: «Այդ մրցակցությունն ավելի վատ էր երևում, երբ հակամարտության գոտի էր Սիրիան և ավելի լավ ընդգծվեց, երբ հակամարտության գոտի դարձավ Ուկրաինան: Ռուսաստանը, ուժեղացնելով իր դիրքերը Սև ծովում, Արևմուտքի համար անհրաժեշտություն է առաջացրել հակակշռել այդ ակտիվությունը»,-հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Մինսի խմբի համանախագահները մայիսի 16-ին տարածաշրջան այցի սկիզբը դրեցին Հայաստանում, եղան Արցախում` հանդիպելով տեղի հայ երիտասարդների բողոքի ակցիային, այնուհետև մեկնեցին Ադրբեջան, որի բարձրագույն իշխանությունն այդ օրերին երկրում չէր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում