Քաղաքականություն

2015-ը «Հիշողության և գիտակցումի» տարի հռչակելու հարցը Եվրախորհրդարանի ուշադրության կենտրոնում է

3 րոպեի ընթերցում

2015-ը «Հիշողության և գիտակցումի» տարի հռչակելու հարցը Եվրախորհրդարանի ուշադրության կենտրոնում է

ՀՌՈՄ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ուշադրության կենտրոնում է 2015 թվականը Հայոց ցեղասպանության հիշատակի տարի հռչակելու հարցը: Այն Ստրասբուրգում քննարկման կդրվի եվրախորհրդարանական 8-րդ ընտրություններից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է օրենսդիր կառույցի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Կամարիսը` պատասխանելով իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի կողմից Եվրախորհրդարանի ղեկավարՄարտին Շուլցին ուղղված նամակին:

Կամարիսը մեկնաբանել է, որ ներկայումս օրենսդիր կառույցի գործունեությունը կասեցվել է մայիսի 22-25-ը Եվրոպական միության տարածքում կայանալիք ԵԽ ընտրությունների պատճառով, և խորհրդարանի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսին: ԵԽ բարձրագույն պաշտոնյան հավաստիացրել է, որ հարցը կներկայացնի ԵԽ նոր նախագահին և հիշեցրել, որ այն անծանոթ չէ Եվրախորհրդարանին, որը 1987 թվականի հունիսի 19-ին ընդունված պատմական բանաձևով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Եվրոպական խորհրդարանը տեղյակ է նաև, թե որքան դժվարություններ է անցյալի բեռը առաջացրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում, ուստի լիագումար նիստը կոչ է անում կարգավորել հարաբերությունները երկու երկրների միջև (տես` 2014 թվականի մարտի 12-ի բանաձևը)»,- իտալա-արաբական կենտրոնին ուղղված նամակում ընդգծել է Ֆիլիպ Կամարիսը:

«Իտալա-արաբական կենտրոնը մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել երկրով մեկ` ի նպաստ Հայաստանի: Նախաձեռնություններ, որոնց նպատակն է անմար պահել այս ողբերգական կոտորածի հիշատակի կրակը: Մենք աշխատում ենք, որպեսզի չմոռացվի 1.5 միլիոն հայերի սպանդը, ում միակ ցանկությունը իրենց հողը և հնագույն մշակույթը Օսմանյան բռնակալությունից պաշտպանելն էր: Եվրոպական խորհրդարանի պատասխանը պետք է բավարարի մեր ակնկալիքները»,- նշել է «Ասսադակահ» կենտրոնի քարտուղար Ռայմոնդո Սկյավոնյեն:

2014 թվականի ապրիլին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը նամակով դիմել էր Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին և փոխնախագահ Ջիանի Պիտելային` կոչ անելով հատուկ բանաձև ընդունել, որը 2015 թվականը կհռչակի «Հիշողության և գիտակցումի» տարի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում