Մշակույթ

Շառլ Ազնավուրն անակնկալ այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրն անակնկալ այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը մայիսի 14-ին այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Գաֆէսճեան կենտրոնի ֆեսյբուքյան էջից: Աշխատակիցների համար մեծ պատիվ էր աշխարհահռչակ շանսոնյեին հյուրընկալել իրենց մշակութային օջախում:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:

Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին եզակի համերգով հանդես եկավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` աննկարագրելի րոպեներ պարգևելով ներկաներին: Այնուհետև հաջորդ օրը լեգենդար երգիչը մասնակցեց «Հայակ» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում ստացավ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում