ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսից մայիսի 7-ին արդեն տարհանվել է զինյալների 2-րդ խումբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, զինյալները, պայմանավորվածության համաձայն, հասել են Դար ալ Քաբիր: Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ զինյալները կանգնեցրել են մարդասիրական օգնության շարասյունը, որն ուղևորվում էր դեպի Հալեպի Նաբիլ և Զահրա գյուղեր: Բարեբախտաբար, տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել: Մարդասիրական օգնության տրամադրումը կատարվել է զինյալների հետ Հոմսում տեղի ունեցած համաձայնության շրջանակներում:
Բացի այդ, 15 գերի, ովքեր գտնվում էին զինյալների ձեռքում, ազատ են արձակվել: Նրանք այժմ Հալեպում են:
Ավելի վաղ Հոմսից տարհանվել էր զինյալների առաջին խումբը` 220 հոգի: Զինյալների թիվը Հոմսի հին թաղամասերում կազմում է 1200: Գործընթացը հաջող իրականացնելու դեպքում Հոմսն ամբողջությամբ կլինի սիրիական կառավարական ուժերի հսկողության տակ: