ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի տարբեր տարիների գործերն ամփոփող ձայնադարանը երկրպագուների համար հասանելի է ապրիլի 28-ից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, ձայնադարանը կազմված է 32 ձայնասկավառակից:
«Թայմս» հանդեսի կողմից «Դարի լավագույն արվեստագետ» հռչակված երգիչը մայիսի 22-ին տոնում է իր ծննդյան 90-ամյակը: Այս հոբելյանը տոնելու համար նրա ձայնադարանը կներկայացվի հանրությանը»,-նշված է գրառման մեջ:
Ձայնադարանում ներառված են Ազնավուրի `1948-2011 թվականերին ստեղծված անկրկնելի գործերը: «Լինելով Շառլ Ազնավուրի ստեղծագործության մասնագետ` շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել նրա` 32 ձայնասկավառակներից կազմված ձայնադարանի պատրաստման աշխատանքներում: Սովորաբար աշխատում եմ այն ամենի հետ, ինչն առնչվում է Ազնավուրի հետ` ֆիլմեր, գրքեր, ձայնագրություններ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ավելի վաղ տեղեկացրել էր ՀԲԸՄ փարիզյան մասնաճյուղի համերգների կազմակերպման պատասխանատու Այգ Փոթուկյանը:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյակը, հոբելյանի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: