ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Ջարամանա թաղամասում ապրիլի 14-ին հրասանդներ են ընկել, ինչի հետևանքով 2 քաղաքացի զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալ Մայադին» կայքը, 33 հրասանդ է ընկել Ջարամանայի տարբեր հատվածներում:
Ականապատ մեքենա է պայթել Հոմսի Աքրամա թաղամասում: Նախնական տեղեկություններով` 4 քաղաքացի զոհվել է, ևս 17-ը՝ վիրավորվել: Բացի այդ, հրթիռ է ընկել Հոմսի Հաջ ալ Ատիֆ հրապարակում, ինչպես նաև Համրա թաղամասում և ֆուտբոլի խաղադաշտում: Ռումբերը խլել են 3 մարդու կյանք, բացի այդ, 21 վիրավորներ են գրանցվել:
Սիրիական բանակը շարունակում է հաջողություններ գրանցել Մալուլայի մերձակայքում: Բանակը հսկողություն է հաստատել Ջաբադին գյուղի վրա, որը գտնվում է Մալուլայի հարավում: Բացի այդ, այն հսկողություն է հաստատել Ջաբադին գյուղի արևելյան բլուրներում:
Բանակը առաջ է շարժվել Լիբանանի սահմանի մերձակայքում գտնվող Ջաբա գյուղի ուղղությամբ: Թեժ մարտեր են ընթանում նաև Մուլհիե գյուղի մոտ, որտեղ ոչնչացվել են զինյալներին պատկանող մի քանի թունելներ:
ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Բացի այդ, զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: