Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ուղերձ է հղել Ավագ շաբաթվա կապակցությամբ

3 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսն ուղերձ է հղել Ավագ շաբաթվա կապակցությամբ

ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ավագ շաբաթվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ուղերձում ասվում է.

«Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Մեծ պահքի աղոթական, հոգեշահ և խոկումնալի օրերն են, ինքնաքննության, զղջումի, ապաշխարության օրեր` հոգեպես նորոգվելու և մեր կյանքում զորացնելու միմյանց հանդեպ սերը, բարեպաշտությունն ու պատվիրանապահությունը:

Տերունապատվեր եղբայրսիրության, համերաշխության, միմյանց զորակցության ազնիվ մղումն ու բարի ձգտումը հզոր և կենսական ուժ են, որ պիտի օգնեն մեզ դիմագրավել մեր կյանքի դժվարությունները, անսասան պահել ազատ ու խաղաղ մեր հայրենիքի հիմերը: Աստծո պատվիրանների իրագործումով է, որ անձնական և ազգային մեր կյանքում լայնորեն պիտի բացվեն Աստծո ողորմության և օրհնության դռները:

Մուտք ենք գործում Ավագ շաբաթ: Եկեղեցական արարողությունների խորհրդով, մեր մտորումներով ու ապրումներով մասնակից ենք դառնում մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերի իրադարձություններին, մեր Փրկչի կրած չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը, նաև` սքանչելագործ հարությանը, որով շնորհվեց մարդկությանը հարուցյալ կյանք երկրի վրա և հավիտենական կյանք երկնային արքայության մեջ:

Սիրելի հավատավոր զավակներ ի Հայրենիս և ի Սփյուռս, Ավագ շաբաթվա հոգեշեն խորհուրդը հրավեր դարձնենք դեպի Աստված մեր ընթացքի զորացման` վանենք մեզանից ամեն անարժան գործ, խոսք ու մտածում, որպեսզի մաքրամաքուր սրտով, հուսառատ ու խնդագին հոգով ընդունենք կենարար ավետիսը մեր Տիրոջ Հարության: Ջանանք, որ մեր իրականության մեջ ամենուր դրսևորվի քրիստոնեական ոգին, արժևորվեն հոգու ազնվությունն ու նվիրումը, արդարամտությունը, կարեկցանքն ու գութը, որոնք մերձեցնում են մեզ Աստծուն: Աղոթենք միմյանց համար, մեր միասնական աղոթքը բարձրացնենք Սիրիայի ժողովրդի, Քեսաբի և համայն սիրիահայության համար և աջակցություն բերենք, որպեսզի ծայրահեղական զինյալների կողմից տեղահանված Քեսաբի մեր եղբայրներն ու քույրերը դիմակայեն դժվարություններին և Տիրոջ կամքով ապահով վերադառնան իրենց բնակավայրերը ու շարունակեն ապրել խաղաղությամբ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ, Մեր սրտից բխած ամենաջերմ, բարի մաղթանքներով հայցում ենք, որ մեր Փրկչի Սուրբ Հարության շնորհները իջնեն մեր կյանքին և աստվածային օրհնությամբ զորացած` միշտ մնանք հավատարիմ զավակները Աստծո, հարազատ զավակները մեր ազգի և մեր Սուրբ Եկեղեցու: Թող երկնապարգև խաղաղությունը հաստատվի աշխարհի բոլոր կողմերում, անսասան մնա մեր անկախացյալ հայրենիքում, աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի` այսօր և միշտ. Ամեն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում