Ցեղասպանության թանգարան առավել հաճախ այցելող օտարերկյա պաշտոնյան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է
2 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան և Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելող պաշտոնյաներին կարելի է բաժանել երկու խմբի, որոնցից մեկում իրական հետաքրքրություն ունեցողներն են, երկրորդում`ըստ արարողակարգի եկողները:Այս մասին «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի ընթացքում ասաց հայոց Հեղասպանության թանգարանժինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: «Մի մասն այն պաշտոնյաներն են, ովքեր տեղեկացված են Հայոց ցեղասպանության մասին և հետաքրքրությամբ են ներկայանում, մյուս մասը նրանք են, ովքեր ուղղակի գալիս են արարղակարգի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:
Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության մասին բավականաչափ տեղեկացված է Վրստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով վերջերս, Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում այցելել է նաև Ծիծեռնակաբերդ և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Զգացվում էր, որ նա լավ տեղեկացված էր, քանի որ երբ ես ներկայացնում էի նրան իրողությունը, շատ հաճախ ինքն էլ իր կողմից էր դիտարկումներ անում՝ ցույց տալով, որ տեղյակ է նյութին»,- ասաց Մանուկյանը:
Ցեղասպանության թանգարան առավել հաճախ այցելող օտարերկյա պաշտոնյան ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է: Սուրեն Մանուկյանի խոսքով՝ Լավրովը շատ հաճախ է լինում թանգարանում և ամեն անգամ նոր հարցեր և հետաքրքրություններ է ունենում, որոնք ցանկանում է բավարարել:
Ծաղկաձորում մեկնարկել է «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն կրթական, հոգևոր-հայրենասիրական և այլ բնագավառներում գոյություն ունեցող այն հիմնախնդիրները, որոնք հրատապ են և հուզում են երիտասարդներին: Անդրադարձ կկատարվի նաև հետևյալ հարցերին. արդյոք երիտասարդական հիմնախնդիրները պատշաճ կերպով ներկայացվո՞ւմ են սոցիալական ցանցերում, ի՞նչ անելիքներ կան այս ոլորտում:
Համաժողովը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: