ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Դամասկոսի կենտրոնական ալ Մալիքի առ Ռակի թաղամասում, որտեղ նաև Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի տունն է գտնվում, հրասանդ է ընկել: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով 5 մարդ է վիրավորվել: Վերջին երկու շաբաթների ընթացքում արդեն երկրորդ հրասանդն է ըննում նշված թաղամասում:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին հրասանդ է ընկել նաև Դամասկոսի Հարասթա գյուղի Դուխանիա շրջանում, որի հետևանքով 6 երեխա է զոհվել, բացի այդ, վիրավորվել է 5 քաղաքացի:
Աղբյուրի տեղեկացմամբ` Դամասկոս-Սուեյդա ճանապարհին՝ Բարաք և Սուրա Քաբիրա գյուղերի միջև գտնվող տարածքում պայթյուն է որոտացել՝ պատճառելով նյութական վնասներ:
Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ սիրիական բանակը զինյալների հետ թեժ մարտերի արդյունքում հսկողություն է հաստատել Հալեպի արևելքում գտնվող Տաանա գյուղի նկատմամբ:
Սիրիայում եռմայա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 130 հազար մարդ: