ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը սկսել է պատրաստվել Սիրիայի ճգնաժամի կարգավորման «Ժնև 3» միջազգային համաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը` Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ավելացնելով, որ «Ժնև 2»-ի ընթացքում կատարված գործողությունները ցանկալի հաջողություն չեն ապահովել: «Անհրաժեշտ է համախմբել միջազգային հանրության ցանկությունը և ջանքեր գործադրել «Ժնև 3» համաժողով կազմակերպելու համար, քանի որ «Ժնև 2»-ում մեծ արդյունքներ չեն գրանցվել»,- նշել է Պան Կի Մունը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի աջակցությունը:
Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում հունվարին անցկացված «Ժնև 2» համաժողովի ամենաակնհայտ հաջողությունն այն էր, որ առաջին անգամ սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայի իշխանությունները և ընդդիմությունը նստել էին բանակցությունների սեղանի շուրջ` ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմիի միջնորդությամբ: Ավելի վաղ Պան Կի Մունը հայտարարել էր, որ սիրիական ճգնաժամի լուծման միակ տարբերակը միջսիրիական բանակցությունները շարունակելն է: