Սպորտ

Հայ մարմնամարզիկները Քաթարում լավագույնս հանդես եկան.Հակոբ Սերոբյան

3 րոպեի ընթերցում

Հայ մարմնամարզիկները Քաթարում լավագույնս հանդես եկան.Հակոբ Սերոբյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզիկները Քաթարում օրերս կայացած աշխարհի գավաթի փուլային մրցաշարում բացառիկ արդյունք ցույց տվեցին` նվաճելով 3 ոսկե եւ մեկ արծաթե մեդալ:

Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, այս մասին ապրիլի 1-ին կայացած իր մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վաստակավոր մարզիչ,միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը:

Նա ասաց, որ նման հաջողությանը նպաստեցին մի քանի գործոններ: Առաջին հերթին մեր թիմի բոլոր մարզիկները՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը, մինչեւ մրցաշարի մեկնարկը արտակարգ լավ պայմաններում 10- օրյա ուսումնամարզական հավաք անցկացրին Քաթարում: Ի դեպ, քաթարցի մարմնամարզիկների հավաքականի գլխավոր մարզիչն Է հայաստանցի անվանի մարմնամարզիկ Էդուարդ Գեւորգյանը:

Սերոբյանը նշեց, որ հայ մարզիկները լավ մարզավիճակում Էին, եւ ճիշտ ընտրած տակտիկան թույլ տվեց նրանց առավելություն ստանալ մրցակիցների նկատմամբ: Նա շեշտեց, որ Հայաստանի թիմի մարզիչները որոշ չափով բարդացրին մեր մարմնամարզիկների ծրագրերը, բայց բացառելով ռիսկը: Արդյունքում` հայ մարզիկները կարողացան շատ մաքուր կատարել իրենց ելույթները` խուսափելով սխալներից: Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը համոզիչ հաղթանակներ տոնեցին բոլոր մրցակիցների նկատմամբ, իսկ Վահագն Դավթյանին ոսկե մեդալ բաժին չհասավ միայն այն պատճառով, որ առաջին տեղը զբաղեցրեց հայաստանցի մեկ այլ մարզիկ՝ Արթուր Թովմասյանը:

Սերոբյանն ասաց, որ մինչեւ Եվրոպայի առաջնությունը Հայաստանի մարմնամարզիկները ազատ են մրցումներից եւ այդ մրցաշարին կնախապատրաստվեն ըստ անհատական ծրագրերի:

Ասուլիսին ներկա Արթուր Դավթյանն ու Մերդինյանն իրենց ուրախությունը հայտնեցին Քաթարում հաջող ելույթների առումով, իսկ Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը նշեցին` կարեւորն այն չԷր, թե իրենց երկուսից ո՞վ է մրցաշարի հաղթողը, այլ այն, որ հաղթողը Հայաստանի մարզիկն Էր:

Սերոբյանը նշեց, որ մարմնամարզության աշխարհի գավաթի հաջորդ փուլերը կանցկացվեն Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում եւ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում եւ որ միայն միջազգային մրցումներին հաճախ մասնակցելով հայ մարմնամարզիկները կկարողանան բարձր վարկանիշներ ձեռք բերել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում