Միջազգային

Սիրիական Լաթաքիա քաղաքը հրթիռակոծվել է

2 րոպեի ընթերցում

Սիրիական Լաթաքիա քաղաքը հրթիռակոծվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաթաքիայում զինյալների կողմից հրթիռակոծման հետևանքով քաղաքացիներ են զոհվել և վիրավորվել, բացի այդ, գրանցվել են նյութական վնասներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, hրթիռներից մեկն ընկել է «Ուահդա» թերթի խմբագրության, մյուսը` քաղաքական անվտանգության մարմնի շենքի մերձակայքում, իսկ երրորդը՝ Զիրաա թաղամասում: Երրորդ հրթիռի ընկնելու հետևանքով 11 մարդ է վիրավորվել:

Տեղեկություններ կան, որ մարտի 20-ին սիրիական օդուժի հարձակման հետևանքով 25 վիրավոր զինյալներ մուտք են գործել Լիբանանի սահմանամերձ Արսալ քաղաք: Լիբանանյան լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ հարձակումների թիրախ են դարձել Ուադի Աջրամ և Խարբա Յունին շրջանները: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` 11 զինյալ է սպանվել և տասնյակ զինյալներ վիրավորվել են Հուսնի բերդի շրջանում բախումների ժամանակ. զինյալներից շատերը փախուստի են դիմել դեպի Լիբանանի տարածք:

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: Բացի այդ, 9 միլիոն սիրիացիներ, ստեղծված իրավիճակից ելնելով, ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից: Նրանից մոտ 5 միլիոնը բնակություն է հաստատել հարևան երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում