ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում մարտի 19-ին հրասանդ ընկնելու հետևանքով 9 քաղաքացի է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդն ընկել է Դամասկոսի Ջահիզ այգում: Բացի մարդկային վնասներից, մոտակայքում կայանված երկու մեքենաներ նյութական վնասներ են կրել:
Հոմսի Ռուսթան շրջանի Զարա գյուղում տեղի ունեցած բախումների հետևանքով մեծ թվով զինյալներ են սպանվել և վիրավորվել:
Սիրիայի բանակը Յաբրուդ քաղաքում հսկողություն հաստատելուց հետո շարունակում է առաջ ընթանալ Կալամուն շրջանում՝ իր հսկողության տակ վերցնելով Յաբրուդի արևմուտքում գտնվող Արևելյան Թիլալ տարածքը: Տեղի ունեցած բախումների ժամանակ ԴԱԻՇ և «Ջաբհա ան Նուրսա» խմբավորումները մեծ կորուստներ են կրել:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: Բացի այդ, 9 միլիոն սիրիացիներ, ստեղծված իրավիճակից ելնելով, ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից: Նրանից մոտ 5 միլիոնը բնակություն է հաստատել հարևան երկրներում: