ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զինված խմբավորումների թիվը հասնում մի քանի հարյուրի, որոնց մեծամասնությունը ծայրահեղականներ են և իրականացնում են հանցագործություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին մարտի 18-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքներին նվիրված նիստի ժամանակ նշել է Մարդու իրավունքների միջազգային կոմիտեն:
Հայտարարության մեջ նշվել է, որ արտասահմանցի վարձկանները Սիրիայում միացել են ծայրահեղական խմբավորումներին, որոնցից է ԴԱԻՇ խմբավորումը, որտեղ ընդգրկված են ջիհադիստներ: Կոմիտեն ընդդիմությանը մեղադրել է բռնությունների, ահաբեկչությունների կազմակերպման, ինչպես նաև մահապարտ-ահաբեկիչներին բնակելի թաղամասերում հարձակումների և երեխաներին որպես զինվորներ օգտագործելու մեջ:
Կոմիտեի նախագահ Սերժիո Պինեյրոն նշել է, որ ընդդիմությունը մեղադրվել է առևանգումների մեջ: Նախորդ տարվա օգոստոսին Լաթաքիայի Հաֆֆա գյոuղում առևանգվել են 200 կանայք և երեխաներ: Դեռ շարունակում է անհայտ մնալ Հալեպի արվարձաններում սեպտեմբերին «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման կողմից առևանգված 60 կանանց ճակատագիրը:
Կոմիտեն Սիրիայի զինված ուժերին մեղադրել է վառվող նյոuթերով ռմբակոծումների, ինչպես նաև մարդկության դեմ իրականացված բռնությունների մեջ:
Պինեյրոն ավելացրել է, որ երեք տարիների ընթացքում 9 միլիոն սիրիացիներ ստիպված հեռացել են իրենց բնակավայրերից, նրանցից 2.5 միլիոնը փախստականներ են , իսկ 6.5-ը՝ գաղթականներ:
Տաթևիկ Հարությունյան