ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերի ջանքերով մարտի 17-ին ազատ են արձակվել 48 առևանգված քաղաքացիներ, նրանց թվում կան նաև զինվորականներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանք ազատ են արձակվել Ռակկայի Տաբակ շրջանից: Զինված խմբավորումներն առևանգումը կատարել էին վաղուց:
Բացի այդ, սիրիական բանակին նաև հաջողվել է ազատ արձակել Հոմսի Կարաբիս թաղամասում երկու առևանգված քաղաքացիների: Նրանք առևանգվել էին 5 օր առաջ:
Ավելի վաղ սիրիական բանակը հաջողություն էր գրանցել՝ զինյալներից ազատագրելով Յաբրուդ քաղաքը: Զինվորները հայտարարել են, որ չեն դադարեցնելու պայքարը ահաբեկչության դեմ և հայրենիքից վտարելու են բոլոր ահաբեկիչներին: Սիրիայի Յաբրուդ քաղաքում երկարատև կռիվների արդյունքում ի վերջո բարձրացվել է Սիրայի պետական դրոշը: Այժմ բնակիչներն աստիճանաբար վերադառնում են իրենց բնականոն կյանքին:
Տաթևիկ Հարությունյան