ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը ամբողջովին հսկողություն է հաստատել Յաբրուդի շրջանի Ռեյմայի ագարակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, բանակը հարձակումներ է գործել Իդլեբի գյուղերի զինյալների հավաքատեղիների վրա, որի արդյունքում զինյալները լուրջ կորուստներ են կրել: Լաթաքիայի, մասնավորապես, Աքու, Հազիրին, Ղանիմիա, Ռիհանիա գյուղերում սիրիական բանակի հետ բախումների ընթացքում տասնյակ զինյալներ են սպանվել: Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ սիրիական բանակը Դամասկոսի Ջոբար թաղամասում 100 մետր երկարությամբ անցում է ոչնչացրել:
Մյուս կողմից, ընդդիմադիր աղբյուրները տեղեկացրել են, որ Սիրիայի ազատ բանակը հսկողություն է հաստատել Համայի շրջանի Մաջբա անցակետի վրա: Բացի այդ, վերսկսվել են բախումները Համայի Մուրք քաղաքի մերձակայքում: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Սիրիայի օդուժը ռմբակոծում է Յաբրուդ քաղաքը: Այնտեղ տեղի ունեցած բախումների ժամանակ «Հըզբոլլահ»-ի ավելի քան 20 անդամ է սպանվել:
ԴԱԻՇ իսլամիստական խմբավորումը Հալեպի մերձակայքում գտնվող Ջարաբլուս քաղաքի մոտ 25 մարդու մահապատժի է ենթարկել:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 120 հազար մարդ: