ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաալուլայի Մար Թալկա մենաստանի ամիսներ առաջ առևանգված մայրապետները և միանձնուհիները մարտի 10-ին հասել են Դամասկոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանց դիմավորել են կրոնավորներ և հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Միանձնուհիներն ազատ են արձակվել սիրիացի և քաթարցի միջնորդների օժանադակությամբ և Լիբանանի ընդհանուր անվտանգության հարցերով զբաղվող պաշտոնյա Աբբաս Իբրահիմիի բանակցությունների շնորհիվ:
Տեղեկություններ են ստացվել, որ Սիրիայի ընդդիմությունը միանձնուհիներին ազատ է արձակել՝ փոխարենը պահանջելով սիրիական բանտերից ազատ արձակել 150 բանտարկյալների:
Մի քանի օր առաջ առևանգված մայրապետների և միանձնուհիների հետ կապն ընդհատվել էր: Հետագայում պարզվել է, որ նրանց Յաբրուդ քաղաքից տեղափոխել են առավել անվտանգ վայր:
Շուրջ 100 օր 13 միանձնուհիները գտնվել են զինված խմբավորումների ձեռքում և նրանց կյանքը մշտապես վտանգված է եղել: