ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները, Դամասկոսի մերձակայքում գտնվող պաղեստինցի փախստականների Յարմուք ճամբար մուտք գործելով, ձախողել են ջանքերը, որոնք ներդրվում են բնակիչների կենսակերպի կարգավորման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումից ճամբար են մուտք գործել «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած, ԴԱԻՇ խմբավորման անդամները: Նրանք ձերբակալել են մի քանի պաղեստինցիների և նրանց խոշտանգումների ենթարկել: Այս մասին հայտարարել է «Պաղեստինի ազատագրման ճակատի» մամուլի քարտուղար Անվար Ռաջան:
Նա նաև ընդգծել է, որ ԴԱԻՇ խմբավորման անդամները գործել են Սաուդյան Արաբիայի հրահանգներով՝ նպատակ հետապնդելով ճնշում գործադրել Սիրիայի վրա և ձախողել հաշտեցման գործընթացը:
Ավելի վաղ իսլամիստական խմբավորումների միջև համաձայնություն էր եղել այն մասին, որ նրանք պետք է հեռանան Յարմուք ճամբարից: Զինյալների հեռանալուց հետո Յարմուքի բնակիչները աստիճանաբար վերադառնում էին իրենց բնականոն կենսակերպին: