ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ժնևյան համաժողովին ներկայացել է համոզված լինելով, որ Սիրիայի իշխանությունը կփոխանցվի իրենց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը` Սիրիայի խորհրդարանի նիստի ընթացքում: Նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմիի հրաժարական տալու դեպքում կամ միջսիրիական բանակցությունների մասնակցության նոր հրավեր չլինելու դեպքում, անհրաժեշտ է շարունակել Սիրիայի զինված ուժերի ձեռքբերումները և երկխոսությունը սիրիական հասարակության տարբեր շերտերի հետ: Մուալլեմի խոսքով` անհրաժեշտ է շարունակել տեղական հաշտությունները և տարածել երկրի բոլոր շրջաններում, քանի որ դրանք նպաստում են երկրում արյունահեղության դադարեցմանը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ միջսիրիական բանակցությունների երրորդ փուլը կմեկնարկի մարտին, սակայն մինչև այժմ բանակցությունների մասին կոնկրետ հայտարարություն չի արվել: Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է փետրվարի 11-ին` առանց մեջ հաջողությունների: