Միջազգային

ՄԱԿ-ը մարդու իրավունքները ոտնահարելու համար քննադատել է սիրիական հակամարտության կողմերին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը մարդու իրավունքները ոտնահարելու համար քննադատել է սիրիական հակամարտության կողմերին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանձնաժողովը քննադատել է Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հանձնաժողովը մեղադրել է Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը` քաղաքների վրա հարձակման մեջ: ՄԱԿ-ի մարտի 5-ի զեկույցում նշվել է, որ ավելի քան 250 հազար քաղաքացիներ Սիրիայում գտնվում են շրջափակման մեջ՝ ենթարկվելով օդային և հրետանային ռմբակոծության: Բնակիչները զրկված են մարդասիրական օգնությունից, սննդից և բժշկական օգնությունից և կանգնած են սովի առջև:

ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ կառավարական ուժերը շրջապատել են Դումա, Արբին, Մուլհիե, Զամալքա, Արևելյան Ղուտայի շրջանները, որտեղ բնակվում է մոտ 160 հազար մարդ:

Զեկույցում զինված ընդդիմադիրները մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ. նրանք առանց դատ ու դատաստանի մարդկանց սպանում են, մահապատժի ենթարկում, օգտագործում են երեխաներին հանցանքներ գործելու համար:

Փորձագետների կարծիքով` միջսիրիական բանակցություններից առաջ սիրիական ճգնաժամը ավելի լայնամասշտաբ էր:

Այժմ լարված պայքար է ընթանում հատկապես մեծ քաղաքների մերձակայքում: Կառավարական ուժերը օգտագործում են օդուժ և հրետանի, իսկ ապստամբները՝ մահապարտ ահաբեկիչներ և ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ:

ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցը կքննարկվի մարտի 18-ին` Ժնևում ՄԱԿ-ի 47 անդամ-երկրների ներկահյացուցիչների ներկայությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում