Միջազգային

Ռակկայում ԴԱԻՇ-ը քրիստոնյա տղամարդկանց ստիպում է գլխահարկ վճարել

2 րոպեի ընթերցում

Ռակկայում ԴԱԻՇ-ը քրիստոնյա տղամարդկանց ստիպում է գլխահարկ վճարել

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած, ԴԱԻՇ խմբավորման անդամները, ովքեր հսկողություն են հաստատել Ռակկա քաղաքում, տեղի քրիստոնյաների համար ապրելու յուրօրինակ օրենքներ են կիրառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանք հայտարարել են, որ այլադավաններին կպաշտպանեն, եթե վերջիններս կանոնավոր կերպով իրենց հարգանքի տուրքը մատուցեն ոսկով և սահմանափակեն իրենց ծեսերը: Բացի այդ, ԴԱԻՇ-ը սահմանել է օրենք, համաձայն որի՝ այլադավանները, այդ թվում` քրիստոնյաները, կարող են բնակվել ԴԱԻՇ-ի գրաված մուսուլմանական քաղաքներում այն դեպքում, եթե համաձայնեն տարվա մեջ մեկ անգամ վճարել գլխահարկ` ջիզա:

Գլխահարկը կգանձվի 14 գրամ ոսկու չափով` յուրաքանչյուր հասուն տղամարդուց: Հակառակ դեպքում, նրանց սպառնում է կամ մահ, կամ կրոնափոխություն: Իսլամիստները պարզաբանել են, որ քրիստոնյա հասարակության ղեկավարներին տրվել է ընտրության 3 հնարավորություն՝ վճարել գլխահարկ, իսլամ ընդունել կամ մեռնել:

Այս ամենի հետ մեկտեղ սահմանափակումներ են դրվել նաև առօրյա կյանքում: Քրիստոնյաներին արգելվել է վերանորոգել եկեղեցիները, զենք կրել, աղոթել, չպետք է լսվեն եկեղեցու զանգերի ձայները: Արգելվում է գինի վաճառել, հագուստի վրա խաչ կրել, կանայք պետք է ծածկեն մազերը և կրեն ավանդական երկար զգեստներ:

Սիրիայի հյուսիսում գտնվող Ռակկա քաղաքը միակ նահանգային կենտորնն է, որտեղ ընդդիմադիրներին հաջողվել է հսկողություն հաստատել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում