Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ողջունելով դեսպանին` Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև առկա սերտ փոխգործակցության համար: Այնուհետև անդրադարձ է կատարվել Մայր Աթոռի և Վատիկանի ջերմ հարաբերություններին, ինչպես նաև Իտալիայի դեսպանատան հետ Մայր Աթոռի արդյունավետ համագործակցությանը:

Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստել է, որ այդ սերտ կապերի շնորհիվ Հայ Եկեղեցու մի շարք հոգևորականներ իրենց ուսումն են շարունակել Արևմուտքի, այդ թվում նաև Հռոմի աստվածաբանական բարձրագույն հաստատություններում: Զրույցի ընթացքում խոսվել է նաև երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում Եկեղեցու կարևոր դերակատարության մասին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը Հայաստանում իր առաքելության մեջ արդյունավոր գործունեություն է մաղթել դեսպանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում