ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում «Իրաքի և Շամի իսլամական պետություն», այլ կերպ ասած, ԴԱԻՇ իսլամիստական խմբավորման անդամներն այլ զինված խմբավորումների հետ բախումների ժամանակ ավելի քան 3300 զինյալ է կորցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, 281 քաղաքացի զոհվել է նրանց արձակած գնդակից կամ իրականցրած պայթյունից, ևս 21-ը մահապատժի է ենթարկվել:
Արաբական աղբյուրներից մեկի տեղեկացմամբ` Հալեպում հրասանդ է ընկել Բանի Զեյդ թաղամասում ընդդիմադիրների հավաքատեղի վրա, և պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հոմսում փետրվարի 27-ին հրթիռակոծման հետևանքով 5 քաղաքացի զոհվել է, ևս 13-ը՝ վիրավորվել: Հրթիռն ընկել է Հոմսի բնակելի Արքամա թաղամասի մարդաշատ վայրում: Այրվել են մոտակայքում կայանված մեքենաները, նյութական վնասներ են կրել առևտրի կենտրոնները: Բացի այդ, երկու քաղաքացի վիրավորվել է Ուադի ադ Դահաբ թաղամասում հրասանդ ընկնելու հետևանքով: Այն ընկել է Խադարի փողոցում գտնվող տներից մեկի վրա:
ԴԱԻՇ-ը ձևավորվել է Իրաքում և այժմ ռազմական գործողություններ է ծավալում թե' Սիրիայում, թե' Իրաքի հյուսիսում: Խմբավորումը հանդես է գալիս իսլամի ծայրահեղ գաղափարախոսությամբ: